icon

ԴՊՐՈՑԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Վարչապետ14.05.2025N 400-ԱՈրոշում

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մայիսի 2025 թվականի N 400-Ա

 

ԴՊՐՈՑԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը`

1. Դպրոցաշինության և մանկապարտեզաշինության ծրագրի իրականացման աշխատանքների համակարգման, ոլորտին առնչվող օրենսդրական դաշտի կատարելագործման, ինչպես նաև ծրագրի ընթացքի մշտադիտարկման նպատակով ստեղծել դպրոցաշինության և մանկապարտեզաշինության միջգերատեսչական աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խումբ):

2. Հաստատել աշխատանքային խմբի կազմը` համաձայն N 1 հավելվածի:

3. Հաստատել աշխատանքային խմբի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. մայիսի 14

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2025 թվականի մայիսի 14-ի

N 400-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

1. Ոլորտը համակարգող փոխվարչապետ (աշխատանքային խմբի ղեկավար)

2. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

3. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

4. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

5. Ոլորտը համակարգող փոխվարչապետի գրասենյակի ղեկավար

6. Ֆինանսների նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

7. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

8. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

9. Երևանի քաղաքապետի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (համաձայնությամբ)

10. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

11. Ոլորտը համակարգող փոխվարչապետի խորհրդական կամ օգնական

12. Ոլորտը համակարգող փոխվարչապետի գրասենյակի ներկայացուցիչ (աշխատանքային խմբի քարտուղար):

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2025 թվականի մայիսի 14-ի

N 400-Ա որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով կարգավորվում են աշխատանքային խմբի գործունեության հետ կապված հարաբերությունները:

2. Աշխատանքային խումբը միջգերատեսչական խորհրդակցական մարմին է, որի նպատակներն են Դպրոցաշինության և մանկապարտեզաշինության ծրագրի իրականացման աշխատանքների համակարգումը, ոլորտին առնչվող օրենսդրական դաշտի կատարելագործմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը, ինչպես նաև ծրագրի ընթացքի մշտադիտարկումը:

 

II. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

3. Աշխատանքային խմբի գործառույթներն են`

1) Դպրոցաշինության և մանկապարտեզաշինության ծրագրի քաղաքականության, ինչպես նաև ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքներին մասնակցությունը.

2) Դպրոցաշինության և մանկապարտեզաշինության ծրագրի շրջանակներում կառուցվող կամ վերանորոգվող օբյեկտների տեղորոշումը, ցանկերի կազմումը, կլաստերների ձևավորումը.

3) Դպրոցաշինության և մանկապարտեզաշինության ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրների կարգավորման, ինչպես նաև գործող ընթացակարգերի լավարկման նպատակով` համապատասխան մարմիններին օրենսդրական փոփոխություններ իրականացնելու առաջարկների ներկայացումը.

4) Դպրոցաշինության և մանկապարտեզաշինության ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրների կարգավորման նպատակով` իրավիճակային լուծումների առնչությամբ առաջարկների ներկայացումը, ինչպես նաև որոշումների կայացումը.

5) աշխատանքային խմբի ղեկավարը կամ ղեկավարի առաջարկությամբ աշխատանքային խմբի անդամներից մեկի կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետին զեկույցների և առաջարկությունների ներկայացումը.

6) աշխատանքային խմբի խորհրդատվական բնույթի որոշումների կամ առաջարկների կատարման նկատմամբ մշտադիտարկումը.

7) աշխատանքային խմբի նպատակներից բխող օրենսդրությամբ չարգելված այլ գործառույթներ:

 

III. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Աշխատանքային խումբն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն աշխատակարգի 5-րդ կետին համապատասխան:

5. Աշխատանքային խումբն իր արտահերթ նիստերը գումարում է աշխատանքային խմբի ղեկավարի նախաձեռնությամբ կամ աշխատանքային խմբի անդամներից մեկի առաջարկությամբ:

6. Աշխատանքային խմբի նիստի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող նյութերը, ինչպես նաև աշխատանքային խմբի նիստերի որոշումները և արձանագրությունները աշխատանքային խմբի անդամներին տրամադրվում են էլեկտրոնային ընդհանուր փաստաթղթաշրջանառության համակարգով կամ էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով:

7. Աշխատանքային խմբի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ` գրավոր կամ բանավոր ընթացակարգով: Ձայների հավասարության դեպքում աշխատանքային խմբի ղեկավարի ձայնը վճռորոշ է:

8. Աշխատանքային խմբի անդամներն օրակարգի ձևավորման վերաբերյալ առաջարկությունները ներկայացնում են ոլորտը համակարգող փոխվարչապետի գրասենյակ: Աշխատանքային խմբի նիստի օրակարգը տրամադրվում է աշխատանքային խմբի անդամներին և կարող է տրամադրվել սույն աշխատակարգի 10-րդ կետով նախատեսված անձանց` նիստից առնվազն 3 աշխատանքային օր առաջ:

9. Աշխատանքային խմբի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է աշխատանքային խմբի քարտուղարը:

10. Աշխատանքային խմբի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են հրավիրվել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների, շահառու խմբերի ներկայացուցիչներ և փորձագետներ:

11. Աշխատանքային խմբի յուրաքանչյուր նիստ սկսվում է օրակարգի զեկուցմամբ:

12. Աշխատանքային խմբի նիստի օրակարգում ընդգրկված հարցերը ներկայացնում է տվյալ հարցը օրակարգում ընդգրկելու առաջարկությամբ հանդես եկած աշխատանքային խմբի անդամը:

13. Հարցի քննարկման ընթացքում աշխատանքային խմբի անդամների կողմից նոր առաջարկներ ներկայացնելու կամ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու անհրաժեշտություն առաջանալու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է հաջորդ նիստ:

14. Աշխատանքային խմբի նիստերն արձանագրվում են:

15. Աշխատանքային խմբի նիստերի արձանագրությունները ստորագրում է աշխատանքային խմբի ղեկավարը:

16. Աշխատանքային խմբի նիստի արձանագրությունը և հանձնարարականները նիստից հետո ողջամիտ ժամկետներում ոլորտը համակարգող փոխվարչապետի գրասենյակի կողմից տրամադրվում են աշխատանքային խմբի անդամներին:

 

IV. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐԸ

 

17. Աշխատանքային խմբի ղեկավարը`

1) հրավիրում է աշխատանքային խմբի նիստերը.

2) վարում է աշխատանքային խմբի նիստերը.

3) ստորագրում է աշխատանքային խմբի նիստերի արձանագրությունները.

4) տալիս է հանձնարարականներ:

 

V. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

18. Աշխատանքային խմբի գործունեության կազմակերպական աշխատանքներն իրականացնում է աշխատանքային խմբի քարտուղարը: Աշխատանքային խմբի քարտուղարի պարտականությունները իրականացնում է ոլորտը համակարգող փոխվարչապետի գրասենյակի ներկայացուցիչը:

19. Աշխատանքային խմբի քարտուղարը`

1) նախապատրաստում է նիստի, այդ թվում` հեռակա գրավոր հարցման միջոցով իրականացվող նիստի, օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը, կազմակերպում է նյութերի տրամադրումը աշխատանքային խմբի անդամներին, ինչպես նաև աշխատանքային խմբի անդամներից դիրքորոշումների ստացումը.

2) ապահովում է աշխատանքային խմբի նիստի արձանագրությունների մշակումը.

3) վարում է աշխատանքային խմբի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

4) գրանցում է աշխատանքային խմբի անդամների ներկայացրած առաջարկությունները.

5) կազմակերպում է աշխատանքային խմբի որոշումների տրամադրումը աշխատանքային խմբի անդամներին և համապատասխան լիազոր մարմիններին:

 

 

irtek_logo